BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Շուկան պայթեցրած «Մանչեստր Սիթին»

Շուկան պայթեցրած «Մանչեստր Սիթին»
02.02.2018 | 05:26

Վերջին երեք տարում «Մանչեստր Սիթին» իր պաշտպանության գիծն ուժեղացնելու համար ծախսել է 300 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչն աննախադեպ երևույթ է համաշխարհային ֆուտբոլի համար, եթե նկատի ունենանք, որ նախկինում պաշտպանների համար սովորաբար նման կարգի մեծ գումարներ չեն ծախսվել: Փորձենք տեսնել, թե ովքեր են «քաղաքաբնակների» ձեռք բերած այդ աստղայինները:


Դեռևս 2014-2015 մրցաշրջանում (ասել է թե` մինչև Գվարդիոլայի գալը) «Մանչեստր Սիթին» 27,45 միլիոն ֆունտ ստեռլինգ ծախսեց «Պորտուում» հանդես եկող Էլյակիմ Մանգալային իր կազմում ունենալու համար: Խոշոր հաշվով, 23-ամյա պաշտպանն այդպես էլ չարդարացրեց իր հետ կապվող հույսերը, ինչի համար ակումբը նրան վարձավճարով հանձնեց «Վալենսիային»: Նրան պատրաստվում են վաճառքի հանելու:


Իր հաջորդ ռեկորդն ակումբը սահմանեց մեկ տարի անց` «Վալենսիայից» 40,14 միլիոնով գնելով Նիկոլաս Օտամենդիին ունենալու իրավունքը: Այս գնումը նախորդից ավելի կասկածելի էր, քանզի արգենտինացին սպասվածի չափ հուսալի չէր։ Եվ այդուհանդերձ, ինչպես նրան վստահում էր թիմի այն ժամանակվա մարզիչը` Մանուել Պելեգրինին, այնպես էլ վստահում է Խոսեպ Գվարդիոլան: Օրերս պաշտպանը թիմի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2020 թիվը:
Օտամենդիի սահմանած նշաձողն ունեցավ մեկ տարվա կյանք: Թիմի համար ամենաթանկ պաշտպան դարձավ «Էվերտոնից» գնված Ջոն Սթոունսը, որին ունենալու համար չխնայեցին 50,04 միլիոնը: Նորեկը միանգամից չարդարացրեց Գվարդիոլայի հույսերը, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա լիուլի գոհացնում է: Նկատենք, որ իր արժեքով այս ձեռքբերումը հինգերորդն է ակումբի պատմության մեջ:


Վերը հիշատակված գնումների կողքին առանձնապես տպավորիչ չի ներկայանում «Ռեալից» գնված Դանիլոյի վրա ծախսված գումարի չափը` 27 միլիոն: Բրազիլացին առայժմ, կարծես, չի արդարացնում սպասելիքները, թեպետ պաշտպանության բոլոր տեղերում էլ փորձարկվել է: Հուսանք, որ Գվարդիոլան նրան «օգտագործելու» օպտիմալ տեղը կգտնի:
Եվ վերջապես Բենջամեն Մենդին, որը կես տարի առաջ դարձավ համաշխարհային ֆուտբոլի պաշտպանական գծի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Ֆրանսիացուն ձեռք բերելու համար «Մանչեստր Սիթին» «Մոնակոյին» վճարեց 51,75 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սակայն նկատենք, որ անգլիական ակումբում պաշտպանի գործերն այնքան էլ հաջող չդասավորվեցին: Նա շատ արագ ստացավ վնասվածք ու լավագույն դեպքում իր թիմին կարող է օգնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլից սկսած, եթե, իհարկե, «Սիթին» հասնի այդ փուլ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ